Գյումրիում երկրաշարժից հետո անօթեւան մնացած ընտանիքն այժմ էլ նոր խնդրի առաջ է կանգնել. տարիներ շարունակ տնակում բնակվելուց հետո Աբրահամյանները պարզել են, որ քաղաքապետարանը տնակի տարածքը աճուրդով վաճառել է մեկ այլ անձի:

«Վաչագան Աբրահամյանը բազմիցս դիմել է քաղաքաետարանին՝ խնդրելով հանել իրենց անօթեւանների հերթացուցակից եւ տնակի տարածքը տալ իրենց՝ տուն կառուցելու համար, բայց մերժել են քաղաքապետարանից: Սա դեռ եղել է Վարդան Ղուկասյանի օրոք: Հետո պարզվել է, որ այդ տարածքը տնակով աճուրդով վաճառել են հարեւանին, բացի դրանից քաղաքապետարանից կեղծ տեղեկանք են տվել, թե այդ տնակի բնակիչներն են եղել»,- NEWS.am-ին մանրամասներ ներկայացրեց Աբրահամյանի շահերի պաշտպան Աննա Դավթյանը:

Քաղաքապետարանից կեղծ տեղեկանք տալու վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար Աբրահամյանները հաղորդում են ներկայացրել: Աննա Դավթյանի խոսքով, քրեական գործի շրջանակում բացահայտվել է, որ այն ժամանակվա փոխքաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցները կեղծիք են թույլ տվել, բայց քրեական գործը կարճվել է վաղեմության ժամկետի հիմքով:

«Այժմ մենք այդ կարճման որոշումը բողոքարկել ենք: Բացի դրանից Վարչական ենք դիմել որ առքուվաճառքը, աճուրդն անվավեր ճանաչեն, քանի որ իմ պաշտպանյալների իրավունքները ոտնահարվել են»,- ասաց փաստաբանը:

Աբրահամյանները հույս ունեն, որ Վարչական դատարանն անվավեր կճանաչի առքուվաճառքի պայմանագիրն ու իրենք տնակից չեն զրկվի: