Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

Նշենք, որ Ռուսաստանի Պետդումայում վերջերս կատարված օրենսդրական փոփոխության համաձայն՝ արգելվում էր օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով աշխատել։ Այս փոփոխությունը ԵԱՏՄ երկրներից  միայն Հայաստանին է վերաբերում։

Վարչապետի խոսնակը տեղեկացրել է, որ օգոստոսի 18-ին Մոսկվայում կազմակերպվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը:  Քննարկումների արդյունքում կողմերը համաձայնել են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում, որոնք վերաբերում են խնդրո առարկային: