Մայր թատրոնում մեծ թվով հաստիքային դերասաններ ենք պահում, որի կարիքը չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի նորանշանակ տնօրեն Վարդան Մկրտչյանն՝ անդրադառնալով  դերասանների ցածր աշխատավարձի խնդրին։

Տնօրենի խոսքով, աշխատավարձի բարձրացման հարցը բարդ է, ավելին՝ այդ մասին խոսելն անգամ սխալ է համարում, քանի որ թատրոնում կան ավելի մեծ թվով հաստիքներ, քան անհրաժեշտ է իրականում։

«Սխալ եմ համարում այդ մասին խոսելը, որովհետեւ մենք մեծ թվով հաստիքային դերասաններ ենք պահում, որի կարիքը իրականում չկա,  սա տասնյակ տարիների ընթացքում է ձեւավորվել, վաղուց  է գալիս այդ խնդիրը։ Նպատակ կա աշխատավարձի հարցը լուծել, բայց դա շատ բարդ է», -ասաց Վարդան Մկրչյանը՝ մանրամասնելով, որ բարձր աշխատավարձի այլ լուծում է առաջարկելու։

«Ինչ վերաբերում է  ֆինասնական հարցերին, ես ուզում եմ ներգրավվել հովանավորներ, եւ այն դերասանները, որոնք ավելի շատ են ներգրավվում խաղացանկերում, շատ են աշխատում, նրանք բնականաբար, ավելի շատ գումար կվաստակեն»։   Վարդան Մկրտչյանը խնդիր չի տեսնում, որ մայր թատրոնի դերասանները  նկարահանվում են սերիալներում եւ գումար վաստակում։