10-ամյա Ռազմիկ Թադեւոսյանն իր հասակակիցների հետ միասին պատրաստվում է դպրոց գնալ, սակայն հորաքույրը, ով խնամում է Ռազմիկին, դժվարանում է Ռազմիկի խնդիրները հոգալ: NEWS.am-ի հետ զրույցում Ռազմիկի հորաքուրը` Գալյան, պատմեց, որ երեխայի մայրը 2,5 տարեկանից լքել է երեխային, իսկ հայրը կախվածություն ունի ալկոհոլից եւ ի վիճակի չէ պահել երեխային:

«Երեխան իմ խնամքին է 2,5 տարեկանից: Երբ մայրը լքեց նրան, ես դիմեցի դատարան, որպեսզի նրա խնամակալության հարցը որոշվի: Բայց չգտան լուծում ու խնամակալությունը հանձնեցին հորը: Բայց եղբայրս հարբեցող է, ես մի քանի անգամ նրան ուղարկել եմ բուժման, սակայն ապարդյուն: Նա չի կարողանում իրեն պահել, ուր մնաց երեխային: Ես եմ նրա խնամքով զբաղվում, ինքն էլ, երեխան էլ իմ մեկ սենյականոց տանն են ապրում»,-պատմեց տիկին Գալյան:

Հորաքրոջ պատմելով` ինքը միշտ աշխատել է, բայց հիմա այնքան քիչ է վաստակում, որ չի կարողանում երեխայի` նույնիսկ դպրոց գնալու հարցերը լուծել:

«Միշտ աշխատել եմ, ամեն աշխատանք արել եմ` աման եմ լվացել, հյուրանոցում եմ աշխատել, մատուցող նույնիսկ: Առաջվա աշխատավայրում աշխատավարձս լավ էր ու կարողանում էի առանց կողմնակի օգնության պահել Ռազմիկին, բայց հիմա օրական երկու հազար դրամ եմ ստանում, էլ չեմ կարողանում ոչինչ անել: Մի կողմից կոմունալները, մյուս կողմից տան ծախսերը ու էլ չեմ հասցնում: Պատկերացրեք դեռ Ռազմիկին ոչինչ չեմ գնել, կոշիկ, պայուսակ չունի: Խնդիրներս շատ-շատ են, գոնե եթե գազ կարողանայի քաշել բնակարան, լույսի համար շատ չէի վճարի, կողքից ոչ մի օգնող չունեմ, ոչ մի բարեկամ չի հիշում Ռազմիկին»,-նշեց հորաքույրը:

Կնոջ պատմելով` Ռազմիկն իր կյանքն է ու ամեն ինչ անում է, որ երեխային նորմալ մանկություն ապահովի, բայց այլեւս չի կարողանում, երեխան էլ իր հետ է կապված: Սեպտեմբերի 1-ին մեկ օր մնաց, բայց Ռազմիկը դեռ բոլոր անհրաժեշտ պարագաները չունի:

Ռազմիկի ընտանիքն ամեն տիպի օգնության կարիք ունի:

Ընտանիքիքն օգնել ցանկացողները կարող են զանգահարել 094 50 53 67: