Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու Թուրքիայի նախարարի հայտարարությունը լուրջ չի կարելի համարել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը։

«Դա արեւմտյան գործընկերներին ցույց տալու համար է, որ Թուրքիան կարող է շրջվել այդ ուղղությամբ։ Եթե խորքային նայենք, այսօր եվրասիական գաղափարները խորթ չեն Թուրքիայի քաղաքական մտածելակերպին, ուղղակի Թուրքիան Եվրասիան բոլորովին այլ ձեւով է ընկալում։ Թուրքիան ոչ թե մտնելու է Ռուսաստանի կողմից ղեկավարվող միության մեջ, այլ կփորձի ստեղծել իր տարածքը, որտեղ պանթուրքիզմը եւ եվրասիականությունը կարող են համերաշխ ձեւով գոյատեւել»,-ասել է Սուրեն Զոլյանը։

Քաղաքագետի խոսքով, Թուրքիան Եվրամիությունից  կարող է ընդամենը ժամանակավոր կտրվել, ոչ ավելին, քանի որ սերտորեն կապված են միմյանց հետ։

«Թուրքիան կարող է Եվրամիությունից  կտրվել  բայց դա ժամանակավոր կարող է լինել, որովհետեւ Թուրքիան ու Եվրոպան սերտորեն կապված են միմյանց հետ։  Բոլոր դեպքերում, եթե խոսքը գնում է ՆԱՏՕ-ի եւ ռազմական դաշինքի մասին, փաստորեն Թուրքիան ամենահուսալի հենարանն է, ոչ Վրաստանը,  ոչ էլ ապագայում ստեղծվող Քուրդիստանը չեն փոխարինի Թուրիքային։Այնպես որ, ԵՏՄ-ին անդամակցելու հայտարարությունը արեւմուտքն էլ լուրջ չի ընդունում, ինչի մասին վկայում են արձագանքները։ Արեւմւոտքը փորձում է ցույց տալ, որ Էրդողանը այն գործընկերը չէ, որի հետ հետագայում կուզենան համագործակցել։ Էրդողանը շատ անկանխատեսելի գործիչ է, կարող բարեկամ դառնալ, հետո՝ թշնամի»։