Մյանմարի Նյանգ Ու քաղաքում դատարանը հրապարակել է ռուսաստանցի զբոսաշրջիկի դատավճիռը, որն իր գործողություններով պղծել է բուդդայական սրբավայրերն ու վիրավորել հավատացյալների զգացմունքները։ Կինը հրաժարվել է տաճարի տարածքում հանել կոշիկները։

Նախ որոշել են նրան ազատազրկել մեկ ամսով, բայց հետո եւս 6 ամիս են ավելացրել՝ մշակութային ավանդույթների մասով վիզայի ռեժիմը խախտելու համար, գրում է The Myanmar Times-ը։

Նշվում է, որ զբոսաշրջիկն այցելել է երեք տաճար եւ չի հանել կոշիկները։ Տաճարի տարածքում նա չի կատարել օրենքի պահանջներն ու ցուցադրաբար հրաժարվել է հանել կոշիկները: Ավելին, կինը վստահ է եղել իր իրավացիության հարցում։ Ականատեսների խոսքով՝ նա պահանջել է իրեն փաստաթուղթ ներկայացնել, որը կհաստատի կոշիկ հագնելու արգելքը։

Կնոջն ընտրություն են առաջարկել. ցանկանում է մեկ ամսով ազատազրկվե՞լ, թե՞ 500 հազար կյատի չափով (շուրջ 370 դոլար) տուգանք վճարել։ Նա նախընտրել է ազատազրկումը։ 

Ավելի ուշ միգրացիոն վարչությունը դատական հայց է ներկայացրել ՌԴ քաղաքացու նկատմամբ։ Կինը պատիժը կկրի աշխատանքային գաղութում։