Երեւանում 2016թ. մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրեն Լեւոն Ավետիսյանի տան վրա հարձակման հետեւանքով մահացած Հրաչյա Ֆալանջյանի մայրը դատարանին խնդրել է իրեն գործում ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդ: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել դիմումը քննարկել Մարիետա Անտոնյանի եւ նրա ներկայացուցիչ Նինա Կարապետյանցի ներկայությամբ:
«Դիմումով խնդրել էինք, որ դատարանն անդրադառնա այն խնդրին, որ Հրաչյա Ֆալանջյանի մահից հետո իր մասով գործը կարճվել է եւ տուժողի իրավահաջորդը հնարավորություն չի ունեցել նրա անմեղությունն ապացուցելու: Այսինքն՝ նախաքննական մարմինն ինչ-որ ապացույցներ էր կարծես թե հավաքել նրա մեղքը ապացուցող, բայց արդարանալու հանրավորություն չէր տրվել: Հիմա մենք խնդրել ենք հնարավորություն տալ մասնակցել դատական նիստին, քանի որ Սահմանադրական դատարանի որոշում կա, որով ասվում է, որ մահացած մեղադրյալի կամ կասկածյալի դեպքում բարի համբավը, անմեղության կանխավարկածը վերականգնելու հնարավորություն կա»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նինա Կարապետյանցը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2016թ. մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ավազակային հարձակման մեջ կասկածվում են Հրաչյան ու Էդգար Մկրտչյանը: Հրաչյա Ֆալանջյանը ավազակային հարձակման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացել է, Էդգարը կալանավորված է:
Էդգար Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 177-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հրաչյա Ֆալանջյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել` նրա մահվան հիմքով:


























