Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում 2016թ. դեկտեմբերի 22-ին տարեց ամուսիների մահվան  դեպքով կա մեղադրյալ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ներտնային գազասպառման համակարգի սպասարկում իրականացնող փականագործ Սարգիս Գևորգյանն անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություն է մատուցել գազ սպառողին, որն անզգուշությամբ առաջացրել է 2 անձանց մահ։

NEWS.am-ի հետ զրույցում Սարգիս Գեւորգյանի պաշտպան Արմեն Սարգսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

«Մեղադրանքը մենք վիճարկում ենք, խախտումներ թույլ չի տվել Սարգիս Գեւորգյանը, բայց նրան մեղադրում են խախտում անելու մեջ»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դդմաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսիններ, 79-ամյա Երվանդ Խաչատրյանի եւ 81-ամյա Շուշանիկ Խաչատրյանի դիերը։ Կինը եղել է բազմոցին պառկած, իսկ ամուսինը՝ գետնին բերանքսիվայր ընկած։ Տան զննությամբ պարզվել է, որ նույն սենյակում գազատար խողովակից ռետինե խողովակներով միացված է ինքնաշեն գազի սարքավորում, վրան՝ ալյումինե կաթսա, իսկ մեջը կան այրված սննդի մնացորդներ եւ ամենայն հավանականությամբ, ամուսինները ծխախեղդ են եղել։