Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 6-ին, ժամը  16:25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղբյուրակ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 3 մարտական հաշվարկ, 34 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության աշխատակիցներ եւ Ծաղկաձորի կոմունալ բաժնի ջրատարներ:

Դեպքի վայրում են գտնվել փոխմարզպետ Հ. Հայրապետյանը, «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ա. Հունանյանը:

Պարզվել է, որ Լոռու եւ Կոտայքի մարզերի սահմանային հատվածին հարակից (Ծաղկաձոր քաղաքի կողմից) սարալանջին այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ, որից 7-ը անտառածածկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին. հրդեհի տարածման վտանգ դեպի հարակից բնակելի տարածքներ չի սպառնում: 

ժամը 01:31-ի սահմաններում հրդեհն ամբողջությամբ մարվել է: Այրվել է մոտ 48 հա խոտածածկույթ եւ մոտ 7 հա անտառածածկ տարածք:

Տեղում իրականացվում է հերթապահություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հրդեհ է բռնկվել Հրազդանի Վերին աղբյուրակ թաղամասի անտառներում։ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է, թե «կան այրվող տներ, որեւէ հրդեհաշիջում չի իրականացվում»։

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն էլ նշել է, որ «քաղաքացին զանգահարել է 911 հրշեջ կայան, նրան տեղեկացրել են, որ Ծաղկաձորի կողմից են մարում, իսկ Հրազդանի հատվածից, քաղաքացու վկայությամբ, մարման աշխատանքներ չեն արվում»: