ԱՄՆ–ը մտել է ներքին տուրբուլենտության գոտի, ինչը չի կարող չանդրադառնալ մասնավորապես Սիրիայի հարցում նրա արտաքին քաղաքականության վրա։ Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի փորձագետ արեւելագետ Կարինե Գեւորգյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է իրական Դեր Զորի շրջափակումը ճեղքելուց հետո Սիրիայում տիրող իրավիճակին ԱՄՆ միջամտության փորձի հնարավորությունը։
Ընդ որում, փորձագետի կարծիքով ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցում իրավիճակը բարդանում է նաեւ տարբեր կառույցների միջեւ ներքին մրցակցության պատճառով։ «Գերատեսչությունների եւ ընկերությունների միջեւ մրցակցությունն այս պայմաններում նույնպես բարդացնում է իրադրությունը։ Եվ դա, բնականաբար, անդրադառնում է արտաքին քաղաքականությանը»,– պարզաբանեց Գեւորգյանը՝ հավելելով, որ հիմնական պայքարը նրանց միջեւ ընթանում է ֆինանսավորման, մասնավորապես, հերոինի մատակարարումներից փողերի լվացման համար։
Միաժամանակ այդ կառույցների միջեւ պայքարն ընթանում է նաեւ այլ արտաբյուջետային միջոցների համար, թեպետ իրավիճակն այնքան բարդ է, որ ամեն բան միայն ֆինանսական կողմին վերագրելը սխալ կլիներ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Սիրիայի կառավարական բանակը ճեղքել էր Դեր Զոր քաղաքի՝ ավելի քան 3 տարի տեւած շրջափակումը։




























