Սեպտեմբերի 7-ին Մոսկվայի շրջանային դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել հայազգի գործարար Արամ Պետրոսյանին, որն անցյալ տարի Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդներ էր վերցրել:

«Դատարանը Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՌԴ ՔՕ 206-րդ հոդվածի 2-րդ մասով («Որպես զենք կիրառվող առարկայի օգտագործմամբ 2 եւ ավելի անձանց պատանդ վերցնելը») եւ 205-րդ հոդվածի 1-ին մասով («Ահաբեկչություն») եւ նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, այսինքն՝ 2016 թվականի օգոստոսի 24-ից հաշված: Տուժողի 50 հազար ռուբլու քաղաքացիական հայցը ամբողջությամբ բավարարել»,- դատավճիռը հրապարակել է դատավորը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սրանից բացի, դատարանը Պետրոսյանին դատապարտել է մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ՝ պատիժը կրելուց հետո նա առանց հատուկ պետական մարմնի թույլտվության չի կարող Մոսկվայի մարզի սահմաններից դուրս գալ եւ բնակավայրը փոխել:

Պետրոսյանը կալանավորվել է դատարանի դահլիճում: Նիստերի դահլիճից դուրս գալիս նա բղավել է. «Ինձ պատմությունը կարդարացնի»:

Արամ Պետրոսյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 206-րդ հոդվածի 2-րդ մասով («Որպես զենք կիրառվող առարկայի օգտագործմամբ 2 եւ ավելի անձանց պատանդ վերցնելը») եւ 205-րդ հոդվածի 1-ին մասով («Ահաբեկչություն»): Նա իրեն մասնակի է մեղավոր ճանաչել: Մասնավորապես՝ մեղավոր է ճանաչել պատանդներ վերցնելու համար, բայց խնդրել է իրեն արդարացնել ահաբեկչության հոդվածով: Պետական մեղադրողը պահանջել էր նրան 13 տարվա ազատազրկման դատապարտել խիստ ռեժիմի գաղութում:

Գործարար Արամ Պետրոսյանը օգոստոսի 24-ին չորս պատանդ էր վերցրել «Սիթիբանկի» Մոսկվայի կենտրոնում գտնվող  բաժանմունքում` սպառնալով պայթեցնել այն: Սակայն հետագայում տղամարդը մեկ առ մեկ բաց էր թողել բոլոր պատանդներին եւ հանձնվել էր իրավապահներին: Առարկան, որը նա որպես ռումբ էր ներկայացրել, մուլյաժ էր եղել: Հարցաքննության ընթացքում Պետրոսյանը հայտնել է, որ ցանկանում էր իր արարքով ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրին: