Ֆլորիդայի իշխանությունները սեպտեմբերի 8-ից 11-ը կփակեն ուսումնական եւ պետական հաստատությունները: Սա պայմանավորված է ԱՄՆ հարավարեւելյան ափին «Իրմա» հզոր փոթորկի մոտենալով:

«Պետք է անհապաղ սկսել դասերի դադարեցման նախապատրաստումը: Յուրաքանչյուր ընտանիք պետք է պատրաստ լինի տարհանվելուն: Մենք ազատ շենքերի կարիք կունենանք՝ այնտեղ տանիքից զրկված մարդկանց տեղավորելու համար»,- հայտարարել է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Օդերեւութաբանների տվյալներով՝ «Իրմայի» կենտրոնում քամու արագությունը հասնում է վայրկյանում 78 մետրի: Ներկայումս մթնոլորտային մրրիկը գտնվում է Ֆլորիդայից 960 կմ հեռավորությամբ եւ վայրկյանում 7 մետր արագությամբ տեղափոխվում է հյուսիս-արեւմուտք: Նախնական կանխատեսումներով՝ սեպտեմբերի 10-ի առավոտյան փոթորիկը կպատուհասի Ֆլորիդայի հարավային շրջանները, իսկ 1 օր հետո նրա ազդեցության գոտում կհայտնվի Ջորջիա նահանգը: