Equifax Inc վարկային բյուրոն, որը ԱՄՆ-ում խոշորագույնների եռյակում է, հայտնել է կիբերանվտանգության զանգվածային խախտման մասին, որի արդյունքում ցանցահենները կարողացել են ձեռք գցել ԱՄՆ-բնակչության գրեթե կեսի՝  143 մլն մարդու անձնական տվյալները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ 

Equifax-ի հաղորդագրությունում ասվում է, որ հանցագործներն օգտվել են ընկերության ամերիկյան կայքի խոցելիությունից։  Սակայն ընկերությունը սպառողների կամ իրավաբանական անձանց հիմնական տվյալների բազայում անթույլատրելի գործողությունների նշաններ չի հայտնաբերել։

Չարագործների ստացած տեղեկությունը հիմնականում ներառում է անուններ, սոցիալական ապահովագրության համարներ, ծննդյան օրեր, հասցեներ, որոշ դեպքերում՝ նաեւ վարորդական վկայականի համարներ։

Իրավիճակը բարդանում է նրանով, որ ընկերության երեք թոփ մենեջերները, այդ թվում՝  նրա ֆինանսական տնօրեն Ջոն Հեմբլը, կիբերհարձակման մասին պարզելուց հետո գրեթե 1․8 մլն դոլարով վաճառել են իրենց բաժնետոմսերը։ Equifax-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ գործարքները կնքելու պահին նրանցից ոչ մեկը չի իմացել կիբերհարձակման մասին, եւ որ նրանք վաճառել են իրենց ներդրումների փոքր չափաբաժինը։