Առաջիկա օրերին Հնդկաստանի 61 քաղաքացիներ «Աբու Դաբի Պլազա» շինհրապարակում կարգապահության եւ հասարակական կարգի խախտման պատճառով Ղազախստանը կլքեն: Նրանցից 23-ին կարտաքսեն մեկ օրվա ընթացքում: Այս մասին Աստանայի վարչակազմի եւ Ղազախստանում ԱՄԷ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Arabtec Holding PJSC ընկերության ղեկավարությունը, փոխանցում է Informburo.kz-ն:
Քաղաքի ղեկավարությունը հիշեցրել է Աստանայում տեղի ունեցած միջադեպի անթույլատրելիության մասին, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներից պահանջել է անշեղորեն հետեւել Ղազախստանի օրենսդրությանը, վարքի բարոյաէթիկական նորմերին եւ հարգել ղազախ ժողովրդի ավանդույթները:
Սեպտեմբերի 2-ին «Աբու Դաբի Պլազա» շինարարական օբյեկտի հսկիչ անցակետում կենցաղային հիմքով վեճ էր ծագել աշխատողների եւ պահակային ծառայոթյան միջեւ: Որոշ քաղաքացիներ, հասարակական կարգը խախտելով, փորձել էին իրավիճակը ապակայունացնել:
Ոստիկանները 41 մարդու ձերբակալել էին, վարչական բնույթի միջոցառումներ էին կիրառվել նրանցից 8 մարդու նկատմամբ, մյուսներին ազատել էին:




























