Վրացական եւ ամերիկյան բանակների՝ Agile Spirit – 2017 համատեղ զորավարժություններից հայկական կողմի իբր հրաժարվելու պատմության ամենամեծ մանիպուլյատորը հենց Թբիլիսին է։ Սեպտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել փորձագետ, Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ Վրաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը դժվար է բարեկամական անվանել։ «Նրանք դրանով կարծես թե փորձում էին Հայաստանի արտաքին քաղաքականության ոտքերի տակ բանանի կճեպ նետել։ Ընկերներն այդպես չեն վարվում։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ այդ իրադարձություններից անմիջապես հետո Վրաստանը ակտիվացավ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սերտ համագործակցության շրջանակում եւ նորից հանդես եկավ Ղարաբաղի դեմ դիրքորոշմամբ»,– պարզաբանեց Նավասարդյանը։
Փորձագետը միաժամանակ կարծում է, որ եթե հայկական կողմը չէր պատրաստվում մասնակցել զորավարժություններին, ապա պետք է հայտներ այդ մասին նախապես։ «Թե չէ ստացվում է, որ այդ մասին հայտնեցին արդեն կատարվածից հետո, ինչը առնվազն մեր շահերից չի բխում եւ հենց Հայաստանում ներքին մանիպուլյացիաների եւ քննադատության առիթ է տալիս։ Թեպետ, ըստ իս, դա մեծ հաշվով ոչինչ չի փոխում։ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի հետ մեր հարաբերությունները դրանից չփչացան»,– եզրափակեց Արման Նավասարդյանը։
Նշենք, որ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու Հայաստանի որոշումը վերջին պահին հայտնեց Վրաստանի ՊՆ–ն։ Միաժամանակ ՀՀ ՊՆ–ից տեղեկացրին, որ Հայաստանը չէր պատրաստվում մասնակցել զորավարժություններին։




























