Արդարադատության նախարարության «նախազգուշացում» վարչական տույժը «Մարտիկ» հիմնադրամի գործունեության օրինականությունն այդպես էլ չի ապահովել: Այս մասին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ուղղված բաց նամակում նշել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհասփյուռ հայ ժողովրդի «թուլությունը» Հայոց բանակն է եւ անհրաժեշտության դեպքում հայ ժողովուրդն ակնհայտ պատրաստակամություն է դրսեւորում բանակի համար գումար հավաքելու ցանկացած նախաձեռնությանը: Այս «թուլության» մասին է փաստում նաեւ 2002-ին հիմնված «Մարտիկ» հիմնադրամը, որի նպատակն է եղել նպաստել Հայաստանի հզորացմանը, նրա պաշտպանության ամրապնդմանը, հրամանատարական կազմի կրթական բարձր ցենզի ապահովմանը:

Ակնհայտ է, որ նման ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների կամ հիմնադրամների նկատմամբ, միայն հասարակական անբեկանելի վստահությունը կարող է ապահովել նրանց գործունեության հարատեւությունը: Միայն հասարակական լուրջ վստահությունը կարող է զարգացնել համակարգն ու նպաստել հասարակության ներգրավմանը:

Սակայն բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հանրային վստահություն կարող է ձեւավորվել, երբ համակարգն աշխատում է հրապարակային եւ հասարակության համար տեսանելի է, թե ինչպես են կառավարվում համապատասխան միջոցները, որքանով են դրանք թափանցիկ ու որքանով են հաշվետվությունները համոզիչ:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Ն. Փանոսյանի եւ Գ. Սարգսյանի կողմից «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ս.Սեդրակյանի նկատմամբ մի քանի անգամ կիրառվել է վարչական տույժ «Նախազգուշացում» (04,12,2006, N7/0104, 18.04.2013թ. N007/13, 16.05.2014թ.,NՎՏ/047/01/14), որով 2013թ.-ին հանձնարարվել է տարեկան հաշվետվությունները շտկել եւ հրապարակել azdarar.am-ում եւ արդյունքների մասին տեղեկացնել Տեսչությանը, իսկ 2014-ին հանձնարարվել է սահմանված կարգով այդ մասին ծանուցել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ գրությանը կից ներկայացնելով շտկված հաշվետվության օրինակը: «Մարտիկ»-ի հաշվետվություններն այդպես էլ չեն շտկվում, որովհետեւ 2017 թվականի հունվարի 17-ին azdarar.am-ում դրված 2016թ. հաշվետվության բովանդակությունը նույնպես չի համապատասխանում ՀՀ արդարադատության նախարարի 2009թ. դեկտեմբերի 24-ի N319-Ն հրամանին, որովհետեւ այնտեղ կրկին ամբողջությամբ լրացված չեն հաշվետվության բոլոր տողերը, մասնավորապես՝ լրացված չեն Հոգաբարձուների խորհրդի անդամների անուն ազգանունները, իսկ գործադիր տնօրենի պաշտոնը, կանոնադրության խախտմամբ, վերանվանվել է «կառավարիչ»:

Հաշվետվությունների եւ աուդիտորական կազմակերպությունների եզրակացությունների մեջ չեն անդրադառնում, թե «Մարտիկ»-ի գործադիր մարմնի ո՞ր աշխատակիցը ինչ աշխատանքի դիմաց է վարձատրվել: Կամ, եթե «Մարտիկ»-ի կանոնադրությամբ վարչակառավարչական ծախսերի մասնաբաժինը սահմանված է 10%, ապա ինչո՞ւ է 2015թ.-ի հաշվետվության մեջ այն կազմում 20%:

Ես` որպես «Մարտիկի» հիմնադրամի անդամ, որպես քաղաքական եւ հասարակական գործիչ եւ ուղղակի որպես ՀՀ սրտացավ քաղաքացի, խնդրում եմ պարզաբանել, թե ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետերի կողմից «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի նկատմամբ «Նախազգուշացում» վարչական վերոնշյալ որոշումները շարունակական չկատարելն ի՞նչ հետեւանք է ունեցել եւ ունենալու»: