«Պատանի լրագրողների» դպրոցում 22-ամյա Լեւոն Սահակյանի սպանության գործով այսօր՝ սեպտեմբերի 8-ին, նշանակված հերթական նիստը հետաձգվեց:
Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նիստին մեղադրողը չէր ներկայացել: Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց սեպտեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածն աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, սակայն աշխատավարձ այդպես էլ չի ստացել: Դեպքի օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:
Վահան Ղազարյանը կալանավորված է:




























