Գերմանիայի ՊՆ–ն Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ընդլայնել «Արեւմուտք 2017» զորավարժությունների ընթացքում դիտորդների հնարավորությունները։ Այս մասին սեպտեմբերի 8-ին Բեռլինում ասել է ՊՆ ներկայացուցիչ Յենս Ֆլոսդորֆը։

«Մենք գիտենք, որ դիտորդներ թույլատրվել են, սակայն խոսքը նրանց համար ավելի մեծ հնարավորություններ ապահովելու մասին է, որպեսզի նրանք հետեւեն, թե ինչ է կատարվում։ Լավագույն լուծումը կլիներ ավելի շատ թափանցիկություն ապահովելը»,– հավելել է Ֆլոսդորֆը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Մեկնաբանելով Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կարծիքն այն մասին, որ Ռուսաստանի եւ Բելառուսի կազմակերպած զորավարժություններում ավելի քան 100 հազար զինվորական է մասնակցում, նա նշել է, որ խոսքը ՆԱՏՕ–ի փորձագետների տված գնահատականի մասին է։