Սեպտեմբերի 9-ի առավոտից Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խումբը հրդեհից վնասված տարածքներում ուսումնասիրություններ կսկսի, տեղեկացնում են բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստան ժամանած Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման եւ արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամներ` Դանու Բաթլրին, Անդրու Բաորին եւ ծառայության  տարածաշրջանային համակարգող  Մարիամ Թեւզաձեին, որոնց ուղեկցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն: Հանդիպմանը մասնակցել են  ՀՀ արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարության ներկայացույցիչներ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտների տնօրեններ, Հայաստանում ամերիկյան համալսարանի Հակոբեան բնապահպանական կենտրոնի եւ բնապահպանության ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արծվիկ Մինասյանն ամերիկյան կողմին շնորհակալություն է հայտնել օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության եւ արագ արձագանքման համար եւ գոհունակությամբ արձանագրել է, որ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ` մասնագիտական խմբեր հրավիրելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները  սեղմ ժամկետում վերածվել են կոնկրետ գործողությունների: Ներկայացնելով Երկիր մոլորակի վրա եւ մասնավորապես Հայաստանում բնակլիմայական պայմանների փոփոխության հետեւանքով առաջացած բարձր հրդեհավտանգ իրավիճակը եւ բռնկված հրդեհների հետեւանքները` ՀՀ բնապահպանության նախարարը նշել է. «Անշուշտ յուրաքանչյուր հրդեհ մեզ համար մարտահրավեր է, բայց բոլոր այն հրդեհները, որոնք անտառածածկ տարածքներում են լինում` ավելի ցավալի են դարձնում մեր կորուստները եւ եթե այստեղ մենք դիտարկում ենք բնության հատուկ պահպանվող տարածքները` պարզ է դառնում, թե որքան  կարեւոր է մեր համագործակցված աշխատանքը: Ստեղծված իրողությունը ցույց է տալիս, որ մենք պետք է վերանայենք եւ նոր համակարգ մշակենք նախ` հրդեհների ռիսկերի կանխարգելման, իսկ հետո` արագ արձագանքման մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ: Մյուս կարեւոր խնդիրը վերականգնողական աշխատանքների նախաձեռնումն է»: Բնապահպանության նախարարը շեշտել է նաեւ հրդեհների հետեւանքների ճիշտ գնահատման առաջնահերթությունը, որպեսզի հետագայում վերականգնողական ծրագրերը եւ աշխատանքները լինեն նպատակային:

ԱՄՆ անտառային ծառայության ներկայացուցիչները խնդրել են ներկայացնել հրդեհի հետեւանքով առկա եւ հնարավոր բնապահպանական ռիսկերը:

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի ղեկավար Ժիրայր Վարդանյանը եւ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը ներկայացրել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրենց ղեկավարած ստորաբաժանումների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Ժիրայր Վարդանյանը մասնավորապես նշել է, որ այրված տարածքներում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված բույսեր չեն եղել: Էական վնաս է կրել գիհու նոսրանտառը, որը սակայն արգելոցի չայրված տարածքներում լիարժեք առկա է:

Տեղեկացնելով, որ հակահրդեհային աշխատանքների կազմակերպման միջոցառումների հարցերում աջակցություն ցուցաբերելու համար այս տարվա հոկտեմբեր ամսի  վերջին ԱՄՆ-ից Հայաստան է ժամանելու եւս մեկ մասնագիտական խումբ`   Արծվիկ Մինասյանը վստահություն է հայտնել, որ ամերիկյան կողմի հետ  համագործակցությունը շարունակական է լինելու եւ Հայաստանի պատասխանատու կառույցները ապահովելու են բոլոր անհրաժեշտ պայմանները խմբերի լիարժեք եւ արդյունավետ աշխատանքների համար:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն նկատել է, որ սեղմ ժամկետներում մասնագիտական խմբի ձեւավորման եւ Հայաստան բերելու համար մեծածավալ աշխատանք է տարվել, ինչը ՀՀ բնապահպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցության արդյունք է:

Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման եւ արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խումբն հրդեհից վնասված տարածքներում ուսումնասիրությունները սկսելու է արդեն սեպտեմբրի 9-ի վաղ առավոտյան: