ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունները վերանայման կարիք չունեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք» խմբակցության նախաձեռնությանը:
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, անդամակցում է ԵՏՄ-ին, Ռուսաստանի Դաշնության հետ ունի դինամիկ զարգացող դաշնակցային հարաբերություններ, գործընկերային հարաբերություններ ունի Եվրոպական միության, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ»,-նշել է Շարմազանովը:
Հանդիպումն ընթացել է տարբեր հարցերի վերաբերյալ բովանդակալից քննարկումների ձեւաչափում. ՀՀ ԱԺ փոխնախագահին ուղղված հարցերն առնչվել են տարբեր ոլորտների եւ խնդիրների՝ կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետություն, սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման ձեւի փոփոխման նպատակահարմարություն, տնտեսության զարգացման համար իրականացվող քայլեր, ԼՂ հիմնահարցի կարգավորում, Հայոց ցեղասպանության ճանաչում, ինչպես նաեւ մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներին առնչվող բազմաթիվ հարցեր:



























