ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախաձեռնությանը՝ հայտարարել է, որ հետաքրքրված չէ նրանց օրենսդրական նախաձեռնություններով:

«Ելք»-ի ոչ մի նախաձեռնություն ինձ հետաքրքիր չէ, լավ ենք արել մտել ենք «ԵՏՄ», կարող են լինել ձախողումներ, բայց նաեւ շտկվել: Բան չունեմ ասելու, կարող է «Ելք»-ի նախաձեռնությունը 0,0001 տոկոսով ճշմարտություն ունենա, որը կքննարկենք, կհասկանանք»,-ասել է ՀՀԿ-ականը: 

Անդրադառնալով այդ միությունում Հայաստանում արձանագրված հաջողություններին ասել է. «Այն, որ մաքսազերծում տեղի չի ունենում, արդեն օգուտ է»:

Հիշեցնենք, որ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունում ընդունվել է որոշում օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ։

Ըստ «Ելք»-ի՝ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու արդյունքում էական հետընթաց է տեղի ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում, ինչպես նաև չի ամրապնդվել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։