Եթե Հանրապետական կուսակցությունը հայտարարի, որ պատրաստ է իրագործել «Ծառուկյան» դաշինքի ծրագրերը, ապա դաշինքի համար երկրորդական կլինի, թե 2018-ին վարչապետ ով կդառնա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Պատգամավորը վստահեցրել է, որ խմբակցությունում կան թեկնածուներ բոլոր պաշտոնների համար, սակայն դեռ հարց է՝ կուսակցությունը նպատակահարմար կգտնի վարչապետի թեկնածու առաջադրել, թե ոչ:

«Ծառուկյան» դաշինքում ցանկացած պաշտոնի ներուժ կա, այլ հարց է «Ծառուկյան» դաշինքը նպատակահարմար կգտնի առաջարկել իր թեկնածուին, թե ոչ: Կգա ժամանակը, կհստակեցվի»:

Դիտարկմանը՝ հավանական է համարում, որ Սերժ Սարգսյանի առաջադրվելու դեպքում թեկնածու կառաջադրեն, արձագանքել է. «Մեզ համար կարեւոր չէ անձը, կարեւոր է, որ այս կառավարման համակարգի փոփոխության զուգընթաց հստակ տնտեսական բարեփոխումեր լինեն:  Լինեն Հայաստանի զարգացման նոր մոտեցոմներ, որը ենթադրում է ամբողջովին նոր օրենսդրական փաթեթներ բոլոր ուղղություններով, հետեւաբար եթե կատարվեն դրանք եւ կբերեն մեր երկրի զարգացմանը, ուրեմն որեւէ նշանակություն չունի վարչապետի անձը: Եթե համակարգային փոփոխություններ իրականացվեն, թեկնածուի անձը երկրորդական է»:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը  իշխանության հետ համագործակցելու խնդիր նույնպես չի տեսնում, եթե իրենց առաջարկած 15 կետերը իրագործելու պատրաստակամություն հայտնեն:

«Եթե ՀՀԿ-ի մեջ  կգտնվեն ուժեր, որոնք կցանկանան միանալ Ծառուկյան դաշինքի ծրագրային դրույթներին եւ միասին իրագործել, մեզ համար վարչապետի անձը երկրորդական կլինի: Այսինքն, եթե ՀՀԿ-ն  պատրաստ է Ծառուկյան դաշինքի ծրագրերը իրագործել, մենք պատրաստ ենք համագործակցել»: