Սույն թվականի սեպտեմբերի 6-ի գիշերը, ժամը 23.00-ի սահմաններում, «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքի 10-րդ պահաբաժնում, անհայտ քաղաքացիան առանց պետհամարանիշների  բեռնատար Գազ 66  մեքենայով հարվածել է վերջինիս ճանապարհը փակած «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի ղեկավարի ծառայողական ավտոմեքենային, որը վարել է ազգային պարկի աշխատակից, ծովագյուղ համայնքի բնակիչ Վահե Գուլանյանը, դուրս մղելով ճանապարհից վնասել է այն եւ դիմել փախուստի:

Բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջադեպից հետո «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքի 10-րդ պահաբաժնում տեղազննումից պարզվել է, որ ապօրինի հատվել է 8 սոճի եւ 2 թխկի տեսակի ծառ: Կատարված ապօրինի գործողությունների արդյունքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գույքին եւ   շրջակա միջավայրին հասցվել է զգալի վնաս:

Ազգային պարկի տնօրինությունը 07.09.2017 թվականին դիմել է  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին` գործին համապատասխան ընթացք տալու համար: