ԱԺ աշխատակարգը պահանջում է, որպեսզի համաձայնագրին կից ներկայացվի համաձայնագրի եւ ՀՀ օրենքների դրույթների հակասության առկայության մասին տեղեկանք, իսկ կառավարությունն այս դեպքում ներկայացրել է ոչ թե հակասության առկայության մասին, այլ համաձայնագրի վավերացման կապակցությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին տեղեկանք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում, «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշել է«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, շատ մեծ տարբերություն կա այստեղ, որովհետեւ այս դեպքում մեկնաբանվում է, որ միջազգային համաձայնագիրն ավելի բարձր է, քան ներպետական օրենսդրությունը, եւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային օրենսդրության դրույթները. «Այս դեպքում կարող ենք մեր ունեցած օրենսդրությունը աղբանոցը լցնել՝ համաձայնագրեր վավերացնելով՝ առանց ֆիքսելու, թե մեր օրենսդրության ինչպիսի ծավալի հետ ենք հակասության մեջ մտցնում այս կամ այն համաձայնագիրը:
Ըստ ամենայնի՝ սա արվել է հին իներցիայով, որովհետեւ նախկին կանոնակարգով պահանջվում էր տեղեկանք ներկայացնել այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Բայց հիմա օրենսդրությունը փոխվել է: Կարծում եմ՝ նման ուղիղ հակասության պայմաններում անթույլատրելի է օրենքներն էսպես բերել: Հանձնաժողովն էլ ընդունում է, որ խնդիր կա, ասում է՝ պայմանավորվել ենք: Պայմանավորվեիք, մինչեւ հիմա ուղղեին»:
Փաշինյանին արձագանքեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով. «Կարծում եմ, որ հանձնաժողովներն այսուհետ ուշադրություն կդարձնեն այդ հարցին, որովհետեւ իրականում մենք էստեղ լսեցինք բացատրությունը: Հանձնաժողովներին հորդորեց միջազգային համաձայնագիր քննարկելիս անդրադառնան օրենսդրական դաշտին եւ տալ համապատասխան լուծում»:



























