Միջպետական գործերին հոգեւոր առաջնորդների մասնակցությունը կարող է ազդել ներքին խնդիրների լուծման վրա։ Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը։

Փորձագետի խոսքով՝ հոգեւոր առաջնորդները հիանալի հասկանում էին, որ չեն կարող քաղաքական խնդիրները լուծել։ «Լավագույնը, ինչ նրանք կարող են անել, որոշակի տրամադրություններ ստեղծելու համար խաղաղաշունչ  իրադրության ստեղծման վրա ազդելն է»,– պարզաբանեց Պողոսյանը։

Նա նշեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել է ոչ միայն զինծառայողների, այլ նաեւ քաղաքացիական անձանց փոխանակման հարցը, որը պետք է իրականացվի հումանիտար ջանքերով։ Սակայն նախկին պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որն արվել էր հոգեւոր առաջնորդների հանդիպման նախաշեմին, թե հայերը ոչնչացնում են մուսուլմանական հուշարձանները, ուղղված են այդ բանակցությունների բարդացմանը։

Միաժամանակ Թեւան Պողոսյանի կարծիքով Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը նույնպես փորձել է բանակցությունները քաղաքական հունով տանել։ «Այդ հանդիպումը կազմակերպվել էր հերթական հանդիպումն անցկացնելու համար, այնպես որ մենք որեւէ իրական գործողություն չենք տեսնհում։ Կլինեն դրանք մոտ ապագայում՝ ես չգիտեմ, բայց մեծ հույսեր չեմ կապում դրա հետ»,– ամփոփեց Պողոսյանը։