ՄԱԿ շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների պարբերական հանդիպումները դառնում են ավանդույթ։ Սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, այդպիսի կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը։
Փորձագետի խոսքով՝ երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները, գտնվելով Նյու Յորքում, պարտավոր են ելույթ ունենալ ՄԱԿ ամբիոնից։ «Ինչպես միշտ, այդ ելույթները հիմնված են փոխադարձ մեղադրանքների վրա։ Այդպես եղել է միշտ եւ կշարունակվի նաեւ այս տարի», - նշել է Պողոսյանը՝ ավելացնելով, որ ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցություններում որեւէ զգալի առաջընթաց չի սպասում։
Փորձագետը նշեց, որ հայկական կողմը Ադրբեջանի առջեւ պայմաններ է դրել, եւ քանի որ շփման գծում չեն նկատվում զգալի դրական փոփոխություններ, պաշտոնական Երեւանը առաջ քաշված նախապայմաններից հրաժարվելու պատճառներ չունի։
«Եթե հայկական կողմը հրաժարվի իր նախապայմաններից, դա կունենա բացասական հետեւանքներ։ Եթե ոչ, ապա՝ ավելի լավ։ Թող որ ԱԳՆ ղեկավարները հանդիպեն թեկուզ ամեն օր, զրուցեն սկայպով, շփվեն ինչպես, որ ցանկանում են, սակայն նրանք պետք է հասկանան, որ եթե նախապայմանները չբավարարվեն, ղարաբաղյան հարցի հետ անմիջականորեն կապ ունեցող հարցերը քննարկելը անիմաստ կլինի», - եզրակացրել է Թեւան Պողոսյանը։




























