Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների վերջերս կայացած հանդիպումից հազիվ թե արժի հակամարտող կողմերի համար որեւէ պրակտիկ եւ դրական արդյունքներ ակնկալել: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Միեւնույն ժամանակ, նա կարծում է, որ այս հանդիպման համատեքստում քաղաքական հարթությունում Ռուսաստանի դերը հատուկ առանձնացնելու հերթական փորձն է կատարվել: «Այս դեպքում սա կողմերի «հաշտեցման» գործում պատրիարք Կիրիլի անհատական դերակատարումն է՝ Կաթողիկոս Գարեգին 2-րդի եւ ադրբեջանցի մուսուլմանների առաջնորդի շփումները կազմակերպելու միջոցով: Ըստ էության, Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի միջնորդությունը, ցավոք, անտեղի կերպով քաղաքականացնում է նման կարգի հանդիպումը»,- ասաց Մելիքյանը:

ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը նշեց, որ եթե այս հանդիպումներն անցկացվեին որպես Պատրիարքի եւ Ռուսաստանի մուսուլմանների առաջնորդի համատեղ նախաձեռնություն, ապա այդ դեպքում ավելի ծանրակշիռ կլինեին: «Այդ դեպքում հնարավոր կլիներ ասել, որ Ռուսաստանը ձգտում է միջդավանաբանական երկխոսության շրջանակում կարգավորել հայ եւ ադրբեջանցի հոգեւորականության փոխըմբռնումը: Բայց էլ ավելի լավ կլիներ, որ հայ եւ ադրբեջանցի հոգեւորականությունը նման հանդիպումների անցկացման համար պայմանավորվեին առանց միջնորդների: Ցավոք, հաշվի առնելով մի շարք քաղաքական եւ այլ գործոններ, առայժմ հազիվ թե հանդիպումների ձեւաչափում նման կարգի փոփոխությունները հնարավոր լինեն»,- նշեց փորձագետը:

Նա հավելեց, որ հայ եւ ադրբեջանցի հոգեւորականության երկխոսությունը, ինչպես նաեւ համատեղ համաձայնեցված գործողությունների ծրագիրը, որն ուղղված է փոխադարձ թշնամանքի եւ ագրեսիվության նվազմանը, կարող էին նպաստել հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար կշռադատված քաղաքական քայլերի իրականացմանը: «Ցավոք, քաղաքական կարգավորման գործընթացը դեռեւս փակուղում է գտնվում, իսկ հոգեւոր առաջնորդները պատրաստ չեն ազգամիջյան հարաբերությունների իրական կարգավորման պատասխանատվությունը ստանձնելուն»,- եզրափակեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: