ԵՏՄ–ից Հայաստանի դուրս գալու հարցը դեռեւս արդիական չէ։ Այս մասին սեպտեմբերի 12-ին՝ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ փոխխոսնակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ԵՏՄ–ից դուրս գալու մասին «Ելք» դաշինքի որոշման նախագծին։
Նրա խոսքով՝ որոշման ցանկացած նախագիծ էլ արժանի է քննարկման։ «Բայց պետք է հասկանալ, թե հաշվարկել են արդյոք, թե քանի հարյուր հազար մարդ է աշխատում Ռուսաստանում, որոնք խնդիրներ կունենան ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության դադարեցումից հետո։ Հարց է առաջանում, թե ինչ կլինի ամսական 150-180 մլն դոլար տրանսֆերտների հետ։ Մենք այդ հարցը կքննարկենք, բայց դա չի նշանակում՝ մեր մոտեցումը փոխում ենք։ Մենք կողմ ենք քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին։ Կողմ ենք դրան, որովհետև հարցին համալիր պետք է նայել, մինչև չտեսնենք՝ ինչպես են գնահատվում ռիսկերը և ապագա ռիսկերն ինչպես են կառավարվելու, այդ հարցը դեռևս իր արդիականությունը չունի», - հավելեց Մելքումյանը։




























