Ադրբեջանում ներքաղաքական սրումներից հետո սկսում են որոշակի գործընթացներ տեղի ունենալ ղարաբաղյան հակամարտության շուրջ: Սեպտեմբերի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այդպիսի կարծիք է հայտնել փորձագետ Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այդպիսի մի սրման արդյունքում սկսվեց անցյալ տարվա ապրիլյան էսկալացիան: «Այն բանից հետո, երբ Ալիեւն իր կլանով հայտնվեց Պանամայի օֆշորների պատմության հետ կապված սկանդալի կենտրոնում, գրեթե մի քանի օր անց սկսվեց ապրիլյան էսկալացիան»,-հիշեցրել է փորձագետը:
Դրա հետ մեկտեղ Սարգսյանը նշեց, որ միջազգային ասպարեզում Բաքվի հիմնական քաղաքական վեկտորն այն է, որ նա ամեն կերպ փորձում է ապացուցել, որ երկրում որեւէ բռնապետություն չկա: « Նրանք փորձում են ապացուցել աշխարհին, որ հանդուրժողական հասարակություն եւ պետություն են: Դա ամբողջովին համապատասխանում է իրենց գործողությունների տրամաբանությանը»,-ավելացրել է Սուրեն Սարգսյանը:




























