Այս շաբաթ Հայաստանում ընդունել եմ ԱՄՆ-ի առեւտրի գրասենյակի երկու բարձրաստիճան պաշտոնյաների,  որպեսզի ներկայացնեն  GSP-ի համակարգի ներքո առկա հնարավորությունները, որոնցից Հայաստանը կարող է օգտվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հայ-ամերիկյան առեւտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

«Այս ծրագրի շրջանակում որոշակի երկրներից որոշակի ապրանքատեսակներ հնարավոր է Միացյալ նահագներ արտահանել արտոնյալ  ռեժիմով նվազեցված՝ մաքսային վճարներով: Այս պահին Հայաստանի արտահանումների 60 տոկոսը ԱՄՆ իրականացնում է GSP ռեժիմի  ներքո, մասնավորապես, ալյումինե փայլաթիթեղ, ոսկերչական իրեր, ջեմեր եւ այլն: Ես հավատացած եմ, որ Հայաստանի գործարարներն ավելի շատ կարող են օգտվել GSP-ի ընձեռած հնարավորություններից»,- ասաց Ռիչարդ Միլսը:

Հարցին, թե ինչքանո՞վ է հնարավոր մոտ ժամանակներում կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրումը ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, դեսպանը պատասխանեց, որ այդ հարցը Հայաստանի կառավարության կողմից բարձրացվել է. «Մենք նշել ենք, որ նման համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի,  եթե իրապես անհրաժեշտություն առաջանա առեւտուրը խթանելու համար նման համաձայնագիր ունենալ»:

Ռիչարդ Միլսի խոսքով՝  1970 ական թվականերին ընդունված եւ այս պահին էլ գործող կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնագիրը լիովին բավարարում է երկու երկրների առեւտրային հարաբերությունների իրականացման համար. «Մենք սպասում ենք, թե ինչ փաստարկներ կներկայացվեն ՀՀ կառավարության կողմից, որոնցով կհիմնավորվի նոր համաձայնագրի անհրաժեշտությունը»: