Երեւանում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրյալներից, «Համերի» վարորդ Արթուր Հակոբյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը բողոքարկվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց 23-ամյա երիտասարդի պաշտպան Հովիկ Արսենյանը:
Փաստաբանը հայտնեց, որ կալանքի որոշումից հետո իր պաշտպանյալի մասնակցությամբ ոչ մի քննչական գործողություն տեղի չի ունեցել: Նշենք, որ վարորդն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, մինչդեռ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Գառնիի Սուրիկի Լավաշի» սեփականատիրոջ թոռը՝ Արթուր Հակոբյանը ժամանակին չի արգելակել եւ դիմելով կտրուկ մանեւրման՝ մուտք է գործել հանդիպակաց գոտի՝ բախվելով «Օպել» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին:
«Եթե իմ պաշտպանյալն արգելակեր, հարվածելու էր «Հոնդային» եւ վարորդը հիմա մահացած կլիներ: Արթուր Հակոբյանը պարզապես մանեւրել է, միայն փորձաքննությամբ կարող է պարզվել՝ տեխնիկական տեսակետից կարող էր նա արգելակեր, թե ոչ, միայն փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո հնարավոր կլիներ գնահատական տալ իմ պաշտպանյալի գործողություններին»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր Հովիկ Արսենյանը:
Դեպքից մեկ շաբաթ է անցել, սակայն փորձաքննություններ չեն նշանակվել:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2017թ. սեպտեմբերի 5-ին ժամը 12:30-ին Երեւանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 11-ամյա Լ.Մ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը եւ երկու ուղեւորները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել չորրորդ ավտոմեքենան: Մասնավորապես՝ Երեւանի Աճառյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան հետադարձ կատարելիս խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը, ստեղծել է վթարային իրավիճակ, իսկ վերջինիս վարորդը ժամանակին չի արգելակել եւ դիմելով կտրուկ մանեւրման՝ մուտք է գործել հանդիպակաց գոտի՝ բախվելով «Օպել» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 11-ամյա աղջիկը տեղում մահացել է: «Հոնդա»-ի վարորդը, որն ԱԻՆ-ի աշխատակից է, թողել է դեպքի վայրը եւ հեռացել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԻՆ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ «Համերի» վարորդին՝ Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրանք կալանավորված են:




























