Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 14-ին, ժամը 21:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Գյումրի հատվածի 95-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ 131» մակնիշի ՊՆ 2902Տ համարանիշի (վարորդ 43-ամյա Արա Է.) եւ «Opel Vectra» մակնիշի 34 AL 117 համարանիշի (վարորդ 43-ամյա Վարդան Մ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 20 մ գլորվել է ձորը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԶԻԼ 131»-ի վարորդ Արա Է.-ն եւ ուղեւոր 57-ամյա Անանիկ Ղ.-ն մեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա Ռոստոմ Բ.-ին եւ վարորդ՝ 43-ամյա Վարդան Մ.-ին։

Տուժածները հոսպիտալացրել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Արա Է.-ի եւ Անանիկ Ղ.-ի առողջական վիճակները գնահատել են բավարար, իսկ Ռոստոմ Բ.-ի եւ Վարդան Մ.-ի առողջական վիճակները գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մանիշի ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: