Հայաստանը եվրոպական վճարունակ եւ օրինապահ շուկան փոխեց կասկածելի եվրասիականի հետ։ Այս մասին սեպտեմբերի 15-ին՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը, ԵՏՄ-ին անդամակցելով, շատ հնարավորություններից է զրկվել։ «Հակառակ օրինակն է հարեւան Վրաստանը։ Ոչ ոք չի ժխտի նրա զարգացման տեմպերն ու լավ իրավիճակը՝ ի տարբերություն մեզ»,-ասաց պատգամավորը։
Նկատենք, որ աճի տեմպերով Վրաստանը Հայաստանին զգալիորեն չի գերազանցում։ 2014-2016-ին Հայաստանի ՀՆԱ աճը 3․6, 3 եւ 2 տոկոս էր, իսկ Վրաստանինը՝ 4․6, 2․9 եւ 2․7 տոկոս։ Ընդհանուր արտաքին առեւտրում բարձր է ԵՄ-ի հետ Վրաստանի առեւտրի մասնաբաժինը՝ 32․6 տոկոս, իսկ Հայաստանինը 29․7 տոկոս է կազմում։
Թանդիլյանի խոսքով՝ «Ելք» դաշինքը կշարունակի քարոզել ԵՏՄ-ից դուրս գալը եւ ԵՄ-ի հետ ասոցացվելը։



























