Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, դատարանում հայտարարեց, որ այսուհետ չի պատրաստվում չպաշտպանել ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի շահերը:
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Թովմասյանը նշեց, որ իր համար անթույլատրելի է, որ երդում տված փաստաբանը ներկա է գտնվում նիստերի դահլիճում, սակայն պաշտպանություն չի իրականացնում, միեւնույն ժամանակ քննադատում է իր գործողությունները:
«Եթե նախկինում զերծ եմ մնացել չպաշտպանելուց, ապա այսուհետ չեմ պատրաստվում չպաշտպանել նրանց շահերը»,- ասաց հանրային պաշտպանը:
Մարինե Թովմասյանի այս հայտարարությունը ներկաներն ընդունեցին սուլոցներով
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստին դատավորը Սեֆիլյանի եւ Պողոսյանի պաշտպանության համար ներգրավվել էր հանրային պաշտպան, քանի որ նրանց պաշտպանները չէին ներկայացել նիստին: Մարինե Թովմասյանը հայտարարել էր, որ տեսակցել է Ներսես Պողոսյանի հետ եւ վերջինս հրաժարվել է իր պաշտպանությունից, բայց կշարունակի ներկա գտնվել դատական նիստերին մինչեւ նրանց պաշտպանները վերադառնան: Սեֆիլյանը նույնպես հրաժարվում է հանրային պաշտպանից:
Այսօր Մարինե Թովմասյանը միջնորդեց դահլիճ բերել իր պաշտպանյալներին՝ հայտարարելով, որ դատարանը խտրական վերաբերմունք է դրսեւորում ամբաստանյալների նկատմամբ: Պաշտպանի խոսքով, ոտքի չկանգնելու համար մի դեպքում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դահլիճից հեռացնում է ամբաստանյալին, մյուսի դեպքում՝ կիրառում ընդամենը նախազգուշացում: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, սակայն, չբավարարեց միջնորդությունը՝ նշելով, որ ինքը գործել է բացառապես Քրեական դատավարության օրենսգրքով:
Մարինե Թովմասյանը շարունակեց միջնորդություններ ներկայացնել: Նա խնդրեց գործի վարույթը կասեցնել, մինչև Սահմանադրական դատարանի որոշումը։ Պաշտպաններից մի քանիսը, մեղադրողն առարկեցին միջնորդության դեմ: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը մերժեց միջնորդությունը:
Դատական նիստը շարունակվում է:




























