Ոչ ոք չպետք է օրենքից դուրս լինի, իսկ մեղավորները կկրեն արժանի պատիժը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ մեկնաբանելով Երեւանի կենտրոնում հնչած կրակոցները։

Մնում է հուսալ, որ իրավապահները գրագետ կկատարեն իրենց աշխատանքը։ «Մեղավորներից ոչ մեկը չպետք է խուսափի պատժից, եւ ոչ ոք չպետք է կարծի, թե իրեն կարելի է օրը ցերեկով նման բան անել»,– ասաց Էնֆիաջյանը։

Հարցին, թե նրանք չեն ուզում արդյոք պահանջել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը, նա պատասխանեց. «Եթե իրավիճակը հսկողությունից դուրս գա, դառնա անկառավարելի, այն ժամանակ մենք, իհարկե, կարող ենք նման պահանջ դնել»։