Հայաստանում միշտ կա մտավախություն, որ եթե հայերն տան վիզային ազատ հնարավորություն, մեծ թվով հայեր կարտագաղթեն, բայց դա այնքան էլ այդպես չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով, այդ առումով, շատ հետաքրքիր է դիտարկել Ուկրաինայի եւ Մոլդովայի փորձը, որոնք նման ռեժիմ են ստացել. «Փորձը ցույց է տվել, որ մտավախություններն իզուր են. պարզվել է, որ հենց մարդիկ ստանում են ազատ տեղաշարժի ազատություն, իրենք այդ հնարավորությունը գնահատում են, ոչ թե գնում են խախտումների: Մոլդովայի դեպքում անգամ Մերձդնեստրի շատ քաղաքացիներ ուզում են վերականգնել Մոլդովայի քաղաքացիությունը, որ կարողանան ազատ մտնել Եվրոպա, այսինք ուզում են վերականգնել Մոլդովայի ինքնիշխանությունը իրենց տարածքում»,-ընդգծեց Ստեփան Գրիգորյանը: