Չին–ամերիկյան հարաբերությունները միջպետական այնպիսի հարաբերություններ են, որոնք վճռական դեր են խաղում 21-րդ դարում։ Երկու երկրները պետք է համատեղ ջանքերով համագործակցեն մարդկության զարգացման եւ խաղաղության համար։ Այս մասին ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։

Քիսինջերն ընդգծել է, որ Չինաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ բախումները աղետ կդառնան երկու երկրների եւ աշխարհի համար ընդհանուր առմամբ։ «Մենք չենք կարող նման ընտրություն կատարել»,– ասել է նա։

Քիսինջերի խոսքով՝ 46 տարի առաջ, առաջին անգամ Չինաստան այցելելուց հետո ինքն ավելի քան 100 անգամ եղել է այդ երկրում։ «Երբ Չինաստանն ու ԱՄՆ–ը նոր–նոր էին դիվանագիտական հարաբերություններ կառուցում, դրանք հիմնականում ղեկավարվում էին ռազմավարական նկատառումներով։ Այսօր մենք ձգտում ենք ոչ միայն անվտանգության, այլ նաեւ համատեղ զարգացման եւ համագոյակցության»,– ասել է Քիսինջերը։