Ադրբեջանցի պատգամավոր, ՀԿ–ներին պետական աջակցության խորհրդի նախագահ Ազայ Գուլիեւը հայտարարել է, որ քրիստոնյա միսիոներները Ադրբեջանում վտանգավոր քարոզչություն են տանում։
ԱՊԱ–ն հայտնում է, որ Բաքվում ընթացող «ՀԿ–ներն ու կրոնական համայնքները. Համագործակցությունից համատեղ գործունեություն» գիտաժողովի ժամանակ նա ասել է, որ նրանք հիմնականում վտանգավոր քարոզչություն են վարում երիտասարդների եւ նորակոչիկների շրջանում։
Նա նշել է, որ քրիստոնյա միսիոներները շատ են ակտիվացել Ադրբեջանում։ «Մենք դա արդեն պարզել ենք։ Նրանք քարոզչություն են վարում նորակոչիկների շրջանում, փորձում են համոզել խուսափել բանակից, ասում են, թե զենք վերցնելը մեղք է։ Այդպիսով՝ նրանք ազդում են ադրբեջանական բանակի վրա, թուլացնում են մարտական ոգին։ Նրանք գործունեությունը շատ երկրներում արգելված է։ Մենք նույնպես պետք է այդ կապակցությամբ որոշում ընդունենք»,– ասել է Գուլիեւը։




























