«Դատապարտյալներին կարող է ներում շնորհել ՀՀ նախագահը, դա սահմանադրական նորմ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ազատ արձակվել սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:

Ըստ նրա` նոր Սահմանադրությամբ կատարելագործվել է ներման ընթացակարգը. ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը ներկայացնելու է ներման ենթակա թեկնածությունները, նախագահն իր հայեցողությամբ կամ ներում է շնորհելու կամ մերժելու է: Իսկ եթե հանձնաժողովը պնդեց իր առաջարկությունը, նախագահը կամ պետք է ներում շնորհի, կամ դիմի ՍԴ:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ ներում հայցելու իրավունքը համարվում է մարդու իրավունքներից մեկը. «Արդյոք հնարավո՞ր է ներման իրավունքը կիրառելով բացասական քաղաքականություն իրականացնել, իհարկե, հնարավոր է, բայց ես չեմ կարծում, որ նման քաղաքականություն իրականացվում է: Յուրաքանչյուր դեպքում վերլուծվում են բազում գործոններ: Ես չգիտեմ, թե կոնկրետ դեպքում ինչ գործոններ են վերլուծվել, բայց վստահեցնում եմ, որ բոլոր գործոնները վերլուծվում են»:

Նախարարը վստահեցրեց, որ Վազգեն Խաչիկյանի համաներման մասին տեղյակ չի եղել, այդ մասին իմացել է միայն կառավարության միջանցքում՝ ասուլիսի մեկնարկից 56 րոպե առաջ:

«Դրա համար մանրամասների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Ընդամենը մեկնաբանում եմ իրավական տեսանկյունից, արդյոք նման իրավազորություն կա, թե ոչ, արդյոք մարդու իրավունքների մեջ ընդգրկվում է ներման իրավունքը, թե ոչ: արդյոք Հայաստանն այդ առումով ունիկալ երկիր է, թե ոչ: Պատասխանը հետեւյալն  է. մարդու իրավունք է՝ այո, Հայաստանն այդ առումով ունիկալ չէ՝ այո»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Դատարանը որոշում էր կայացրել նաև նրանից բռնագրավել 261 մլն դրամի գույք։