ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից դատական դեպարտամենտին 51 միլիոն դրամ կհատկացվի՝ դատարաններում տեղադրվելիք ռենտգեն հսկողության սարքերի ձեռքբերման համար: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել իր այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիստում: Որոշումը ներկայացրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Որոշման նախագծում նշվում է, որ դատական կարգադրիչների կողմից դատարանում գտնվող անձանց կյանքի, առողջության եւ արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հասարակական կարգի պահպանումը եւ անվտանգությունն ապահովելու գործառույթի իրականացման ընթացքում ծագել են որոշ խնդիրներ։ Դրանք լուծելու նպատակով դատարանների նախագահների խորհուրդը սեպտեմբերի 11-ին ընդունել է որոշում, որով դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց եւ նրանց իրերի զննության կարգը շարադրել է նոր խմբագրությամբ, հստակեցրել զննության գործընթացում դատական կարգադրիչների լիազորությունների շրջանակները, ինչպես նաեւ դրանց իրականացման եղանակները:
Սակայն դատարաններում հիմնականում բացակայում են զննության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներն ու սարքավորումները, ինչն էլ իր հերթին մեծաթիվ մասնակիցներ ունեցող դատավարությունների անցկացման դեպքում դժվարություններ է առաջացրել։
Զննման գործընթացը ժամանակի սղության պատճառով որոշ դեպքերում հանգեցել է դատավարության բնականոն ընթացքի խաթարում, առաջացրել զննության գործընթացի վերաբերյալ դժգոհություններ: Դատական դեպարտամենտը խնդրի լուծում է համարում բոլոր դատարաններում զննություն իրականացնող համապատասխան տեխնիկական սարքավորումներով զինելը, այդ իսկ պատճառով դիմել է կառավարություն՝ գումար ստանալու խնդրանքով։
«Կարգի լրամշակման հիմնական նպատակներից մեկը այն էր, որպեսզի կարգադրիչների կողմից անձանց եւ նրանց իրերի զննության գործընթացն իրականացվի առանց վերջիններիս լրացուցիչ անհարմարություններ պատճառելու եւ հիմնականում ուղեկցվի համապատասխան տեխնիկական միջոցների գործադրմամբ, որի արդյունքում կբացառվի կամ նվազագույնի կհասցվի տվյալ գործընթացում կարգադրիչի անմիջական միջամտությունը»,- ասվում է նախագծում։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստերի ժամանակ դատական կարգադրիչները զննության անվան տակ փորձում են խուզարկել փաստաբաններին, վերջիններս դա թույլ չեն տալիս: Արդյունքում փաստաբաններին թույլ չէին տալիս մասնակցել դատական նիստերին: Ավելի քան 180 փաստաբաններ նման պրակտիկայի դեմ բողոքի ակցիա՝ գործադուլ էին կազմակերպել:




























