«Երկիր Ծիրանի» կուսակցությունը համահայկական ընդվզման օր է հայտարարել, որն իրագործելու համար կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ շարունակում է իրականացնել քարոզարշավ:
Կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ շրջելով Հայաստանի Հանրապետության մարզերով, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը քաղաքացիներին է ներկայացնում կուսակցության ծրագիրը՝ համահայկական մեծ ընդվզման օրվա, Գլոբալ հայկական համազգային համաժողովի եւ ժամանակավոր կառավարության վերաբերյալ:
Ծրագրի նպատակն է՝ համախմբել Հայաստանի եւ Սփյուռքի ողջ հայությանը նախատեսված նույն օրը եւ նույն ժամին դուրս գալ կենտրոնական փողոցներ՝ անվստահություն հայտնելով ու հիմնահատակ քանդելով ներկայիս ապօրինի իշխանությունն ու այն սպասարկող ավտորիտար համակարգը՝ հիմնելով նոր համակարգ, որը զերծ կլինի քաղաքական ու տնտեսական մենաշնորհներից եւ պայմաններ կստեղծի ողջ հայության համար մասնակցություն ունենալու հայոց պետականության քաղաքական կյանքին:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջնորդվում է քաղաքական փիլիսոփայության այն սկզբունքով, որ հայ հասարակությունը, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ապրում, գործոն է եւ ուժ, երբ մասնակցում է իր ազգային քաղաքականության բոլոր գործընթացներին` ազգային քաղաքական հայեցակարգի կենսակոչմանը, քաղաքական ընտրախավի ստեղծմանը, կառավարման մարմինների ձեւավորմանը եւ քաղաքական որոշումների կայացմանը:
Համահայկական մեծ ընդվզման միջոցառմանը հաջորդելու է Գլոբալ հայկական համազգային համաժողովի գումարումը, որին պետք է մասնակցեն այն պատվիրակները, ում կառաջադրի հանրությունը՝ անկախ նրանից, թե նա աշխարհի որ մասում է գտնվում։ Գլոբալ հայկական համազգային համաժողովի պատվիրակները պետք է ընտրեն ժամանակավոր կառավարության ներկայացուցիչներ, որոնք կսպասարկեն օրենսդիր եւ գործադիր իշխանության ձեւավորման նախապատրաստական փուլը` ազատ, անկախ, հավասար պայմաններ ստեղծելով նոր կայանալիք ընտրություններում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների (անկախ նրանից, թե որտեղ են նրանք բնակվում), այդ թվում նաեւ արցախահայության համար:
Հայաստանի ներկայիս ծանր իրավիճակի լուծումը Հայաստանի ժողովրդի եւ աշխարհասփյուռ հայության խնդիրն է: Համայն հայությունը պետք է հավատա ինքն իրեն եւ իր ուժին: Միայն ինքնաազատագրման, ինքնակազմակերպման եւ ինքնահամախմբման միջոցով է հնարավոր հաղթահարել աղետը եւ արձանագրել հաղթանակ:




























