Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքները զարգանում են, դրանք ծառայելու են Արցախի բարգավաճմանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է մեկնաբանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ տարածքների հանձնման վերաբերյալ հայտարարությունը:

«Մենք ավարտել ենք Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը, ավարտել ենք բարձրավոլտ օդային գիծը, այնտեղ նախատեսում ենք իրականացնել հարյուրավոր միլիոն դոլարների ինվեստիցիոն ծրագրեր՝ այնտեղ սկսված է ՀԷԿ-ի, բնակարանների կառուցում եւ այլն: Մեծ ուշադրություն ենք դարձնում կրթության, մշակույթի բնագավառի զարգացմանը: Իսկ ոչ բնակելի տարածքներում, պահուստային ֆոնդում մեծ ներդրումներ են արվելու՝ գյուղատնտեսության զարգացման համար եւ որպես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ դրանք զարգանում են եւ ծառայելու են մեր երկրին: Սա ամենալավ պատասխանն է, մնացածը քաղաքական մեկնաբանություններ են»,-ասել է նա:

Նշենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովում Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով արցախյան հիմնահարցի կարգավորման համար հանձնվող տարածքներին, ասել էր հետեւյալը. «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»:

Լրագրողների հարցին՝ ո՞ր տարածքները հանձնելու դեպքում վտանգ չի սպառնում Արցախին, պատասխանել է.  «Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ: Ես էս պահին չեմ կարող ասել Արցախում ստեղծված այդպիսի մի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի պաշտպանությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի»: