Բիզնեսի դեմ հարկերից դիտավորյալ խուսափելու համար հարուցված քրեական գործերը պակասել են։ Այս մասին սեպտեմբերի 28-ին ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ամփոփելով Կարեն Կարապետյանի օրոք նախարարության աշխատանքի մեկ տարին։

Հիշեցնենք, որ 2017–ի սկզբին Քրեական օրենսգրքում փոփոխություններ էին կատարվել, որոնք բարձրացնում էին հարկերից դիտավորյալ խուսափելու  համար պատժի շեմը՝ 2-ից 4 մլն դրամ։ Բացի այդ, ավելի հստակ է սահմանվել «դիտավորյալ» եզրը. Հաշվետվություններում դիտավորյալ կեղծ թվեր ներկայացնելը հարկային պարտավորությունները կրճատելու համար։ Այդ սահմանումն այնքան հստակ է, որ դատական համակարգի վոլյունտարիզմի մասին խոսել պետք չէ, ասել է նախարարը։