Ես միայն մղձավանջում կարող էի պատկերացնել, որ անկախ Հայաստանը կարող է հետ գնալ դեպի ուծացում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգ. ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու քողարկված փո՞րձ» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Այսինքն, ստեղծվի մի իրավիճակ, երբ հասարակության էլիտան սովորում եւ մտածում է ռուսերենով: Անկախ պետությունը այն երաշխիքն է, որ պետք է ապահովի ժողովրդի անվտանգությունն, նրա ազգային լեզուն պաշտպանի, այլ ոչ թե հպատակի մտածելակերպ եւ ստրկամիտ  պահվածք դրսեւորի»,-ասաց նա:

Նրա խոսքով, ստրկամիտ մտածելակերպի ցայտուն դրսեւորում էր Մանկավարժական համալարանում ՌԴ կրթության նախարարի դիմավորման արարողությունը. «Եվ այսքանից հետո, բողոքում ենք, որ մեր դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին։ Այս պարագայում դառնում ես ոչ թե դաշնակից, այլ հպատակ»:

Ավետիք Իշխանյանը բնական է համարում, որ Ռուսաստանն իր կայսերական նկրտումների համատեքստում ցանկանում է տարածել իր լեզուն, բայց  այլ հարց է թե ինչպես ենք մենք դրա դեմ պայքարում։ «Նրանք խփում են թույլ օղակին, իսկ երբ դու թույլ պահվածք ես դրսեւորում, նրանք սկսում են քեզ արհամարհել»,-նշեց նա։

Իր խոսքի վերջում Իշխանյանը մտահոգություն հայտնեց, որ ներքին անկախության կորստից արտաքին անկախության կորուստը մեկ քայլ է. «Սա լրացուցիչ հնարավորություն է մեր առջեւ ծառացած մարտահրավերների մասին խոսելու համար»: