«Էլեկտրոնային նոտարիուսը» քաղաքացիներին կօգնի ժամանակ տնտեսել: Սեպտեմբերի 28-ին կառավարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ամփոփելով վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման ժամանակահատվածում Արդարադատության նախարարության վերջին 12 ամիսների աշխատանքը:

e-notary.am կայքը կապված է տվյալների այլ բազաների հետ, այդ թվում՝ կադաստրի, ՔԿԱԳ-ների եւ այլն: Այս ամենը կօգնի պետական ծառայությունները ստանալ մեկ պատուհանի սկզբունքով՝ չմաշելով մի քանի գերատեսչությունների դռները:

Էլեկտրոնային ձեւաչափի է փոխանցված արդեն նաեւ ապոստիլի տրամադրումը: e-apostille.am պորտալում կարելի է տեղադրել փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները, որոնց համար քաղաքացին ապոստիլ է հայցում: Նա այն ստանում է նույնպես էլեկտրոնային ձեւով: Դրան կցվում է qr կոդ, որը կարելի է կարդալ ցանկացած էլեկտրոնային սարքով:

Հիշեցնենք, որ ապոստիլը դրվում է 1961 թվականի Հաագայի կոնվենցիայի անդամ երկրների քաղաքացիների անձնական փաստաթղթերի ճամաչման համար: Դրան են միացել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների գրեթե բոլոր երկրները (բացի Կանադայից), Ավստրալիան, եվրոպական գրեթե բոլոր երկրները եւ ԽՍՀՄ նախկին հանրապետությունները (բացի Թուրքմենստանից), ինչպես նաեւ Ասիայի եւ Աֆրիկայի որոշ երկրներ: