Հյուսիսային Կորեան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ամերիկացի ուսանող Օտտո Ուորմիբիերի մահը շահարկելու մեջ այն հայտարարություններով, թե ուսանողը Փհենյանում կտտանքների է ենթարկվել, հայտնում է AFP–ը։
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ–ն ԱՄՆ–ին մեղադրել է 22-ամյա ուսանողին երկրում օրինախախտության դրդելու մեջ։ «Թրամփը նորից շահարկում է Օտտո Ուորմիբիերի մահը, որին դատապարտել էին Հյուսիսային Կորեայի դեմ հանցագործությունների համար, եւ որը մահացել է ԱՄՆ վերադառնալուց հետո»,– ասված է հայտարարության մեջ։ Փհենյանում կարծում են, որ դա ԱՄՆ–ի կազմակերպած «դավադրությունն» է եղել՝ ուսանողին Հյուսիսային Կորեա ուղարկել քրեական առաքելությամբ։
«Այն, որ խելագար Թրամփը եւ նրա թափթփուկները զրպարտել են մեր գերագույն ղեկավարության սուրբ արժանապատվությունը, կրկնապատկում է մեր բանակի եւ ժողովրդի ատելությունը ԱՄՆ–ի նկատմամբ, եւ մենք հազարապատիկը կհատուցենք»։




























