Չինաստանը դեմ է Կորեական թերակղզում պատերազմին եւ անկարգություններին, միջազգային հանրությունը նույնպես թույլ չի տա պատերազմ, որը կհանգեցնի մեծաթիվ մարդկային կորուստների։ Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, փոխանցում է «Սինհուան»։

Չինաստանը անշեղորեն կողմ  է երկխոսության միջոցով ԱՄՆ–ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ խնդրի լուծմանը։ Կորեական թերակղզում միջուկային խնդիրը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության սպառնալիք է եւ անդրադառնում է կողմերի շահերին։

Լու Կանը հայտարարել է, որ պատժամիջոցները եւ երկխոսության կոչերը ՄԱԿ ԱԽ բանաձեւի պահանջներն են։ Մոտեցումը, ըստ որի, մեկը պետք է գնահատել, իսկ մյուսը՝ անտեսել, չի համապատասխանում ԱԽ բանաձեւի ոգուն։ Փակուղուց ելք գտնելու համար բոլոր շահագրգիռ կողմերը պետք է անկեղծություն ցուցաբերեն եւ միմյանց ընդառաջ գնան։