Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու սեպտեմբերի 27-28 Երեւանում անցկացված Մաքսային միության մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 24-րդ նիստին: Հանրապետության Նախագահը ողջունել է պարբերական բնույթ ստացած ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստերի անցկացումը՝ ընդգծելով, որ Հայաստանը կողմնակից է ինտեգրացիոն գործընթացներին, որոնք ամրապնդում եւ խորացնում են պետությունների միջեւ բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը:

Վլադիմիր Բուլավինը շնորհակալություն է հայտնել միավորված կոլեգիայի 24-րդ նիստը Երեւանում բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար՝ նշելով, որ յուրաքանչյուր նիստ մաքսային ոլորտում մասնակից երկրների փոխըմբռնման, համագործակցության, միասնական աշխատանքի եւ արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից չափազանց կարեւոր է եւ նպաստում է գործընկեր պետություններում մաքսային ծառայությունների գործունեության բարելավմանը: ՌԴ մաքսային ծառայության ղեկավարը Հանրապետության Նախագահին ներկայացրել է երեւանյան նիստում քննարկված հարցերը՝ նշելով, որ հագեցած օրակարգի շրջանակներում բավական արդյունավետ աշխատանք է իրականացվել, ինչը կնպաստի մաքսային ծառայությունների առջեւ դրված խնդիրների բարձր մակարդակով լուծմանն ու ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի խորացմանը: