ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված բանաձեւի նախագիծը կարող է Ադրբեջանի պաշտոնական իշխանությունների դեմ ճնշում գործադրելու եւ քաղաքական շանտաժի փորձը լինել: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա կարծիքով՝ նման անսպասելի որոշման պատճառ կարող էին լինել տնտեսական շահերը: «Ես հրաշալի հասկանում եմ, որ տնտեսական ու քաղաքական շահերը մշտապես կողք կողքի են գտնվում եւ մի կաթիլ ջրի պես նման են: Սակայն մենք պետք է մի ճշմարտություն հասկանանք: Երբ տնտեսական շահերը քաղաքականից վեր են դասվում, այնպիսի խեղված միջազգային սուբյեկտ ենք ստանում, ինչպիսին Ադրբեջանում ալիեւյան կլանն է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում վաղուց գիտեին մարդու իրավունքների խախտումների մասին, սակայն դրանք կանխելու համար որեւէ լուրջ գործողություն չեն նախաձեռնել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ մի շարք կոնգրեսակններ բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որով կոչ է արվում ադրբեջանցի պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտումների համար: