Շատ տարօրինակ է, երբ Արդարադատության նախարարությունում քննարկման առարկա է դառնում մի նախագիծ, համաձայն որի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը պետք է վերաբերի միայն այն պետական մարմինների գործունեությանը, որոնց աշխատակազմը 50 հոգուց ավելի է, այն դեպքում, երբ ցանկացած պետական մարմին, ինչ քանակի աշխատակազմ էլ, որ ունենա, եթե սնվում է պետական բյուջեից, ապա պետք է բաց լինի հասարակության համար, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ազատորեն հայցի եւ ստանա անհրաժեշտ տեղեկատվություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, որը նախարարությունը համարում է սեւագիր տարբերակ:

Նրա կարծիքով գործող օրենքը պետք է որոշ առումով արդիականացվի, մասնավորապես, տեխնոլոգիական զարգացման հետ կապված անհրաժեշտ են էլեկտրոնային հարցման ընթացակարգերը օրենքով հստակեցնել, բայց դա կարելի էր անել ընդամենը փոփոխություններ եւ լրացումներ միջոցով. նոր օրենքի կարիք չկա։ «Ամենայն հավանականությամբ իշխանությունները այլ քաղաքական խնդիրներ են այդպիսով լուծում եւ ոչ թե մտածում տեղեկատվության ազատության զարգացման մասին»,-ընդգծեց Մելիքյանը:

Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ տեղեկատվության ազատության համատեքստում ճիշտ կլիներ աշխատանքներ տանել այն անհամաչափությունը հաղթահարելու շուրջ, որն առաջացել է դեկտեմբերին ընդունված «Գնումների մասին» օրենքում փոփոխություններով, որտեղ երկրի նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի գնումները դարձվել են պետական գաղտնիք։ Իսկ երկրում տեղեկատվության ազատության զարգացման համար պետք է սկսել երկրի առաջին դեմքերից։

Հարցին, թե ինչպես է օրենքի նախագծի սևագիր տարբերակը հայտնվել հասարակական կազմակերպությունների քննարկման սեղանին, նա ընդգծեց, որ այդ տարբերակը Արդարադատության նախարարության ներքին շրջանառության համար պետք է լիներ, բայց այնուամենայնիվ, լրագրողական մի քանի կազմակերպություններին տրամադրվել է:

Նույն խնդրի առնչությամբ, Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը պարզաբանեց, որ նախագծի սեւագիր տարբերակի քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարությունից Էմիլ Մարգարյանը նախագծի լրացումներ եւ փոփոխություններ անելուց հետո, նախագիծը ուղարկել է Ինֆորմացիոն ազատությունների կենտրոն եւ խնդրել կարծիք հայտնել։ Մինչդեռ ոչ ցանկալի կարծիքը լսելուց հետո ասել են, թե «նախագիծը, որն դրվել է շրջանառության, անհայտ ծագման է»: «Սա առնվազն ճիշտ չէ։ Եթե իսկապես այդպես է, պետք է Արդարադատության համապատասխան աշխատակցին պատժել»,-ասաց նա:

Լեւոն Բարսեղյանի կարծիքով, եթե նախարարության աշխատակիցը նախագիծն ուղարկում է անփութությամբ, ապա վստահորեն խնդիր կա նախարարության ներսում։ Իսկ եթե նպատակադրված ուղարկում են, պետք է ուղարկել բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են այս հարցերով։

«Հասկանալի է, որ պաշտոնյաների նեղվում են, երբ իրենց գործունեության մասին տեղեկություն են հարցնում եւ հիմա ուզում են փոխել օրենքը: Սակայն ավտորիտարիզմի բնորոշ գիծ է, երբ փորձ է արվում ամեն ինչ գաղտնագրել։ Երբ մեր կառավարությունը հայտարարում է, որ պայքար է մղում կոռուպցիայի դեմ, սա ակնհայտորեն հակասում է դրան»,- ընդգծեց Բարսեղյանը։

Նրա խոսքով օրենքը թուլացնելու փորձերը նոր չեն, դեռեւս 2004 թ․ օրենքի ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո, նախարարութունը եւ նույն Դավիթ Հարությունյանը փորձեցին փոփոխել, սակայն հանդիպելով դիմադրության, հրաժարվեցին այդ մտքից։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ արդարադատության նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի վերաբերյալ աշխատանքներ տարվում են, եւ երբ պատրաստ լինեն որոշակի մոտեցումներ, դրանք կդրվեն հանրային քննարկման: «Բայց այն նախագիծը, որն այսօր դրվել է շրջանառության, որոշ չափով անհայտ ծագման է: Անհայտ է՝ որտեղից է գալիս այն»։

Նշենք, որ ըստ շրջանառության մեջ դրված նախատեսված փոփոխությունների՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որեւէ տեղեկություն»: Մեկ այլ դրույթով եւս տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել՝ «եթե պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, եւ դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատնման»: Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները կարող են հարցմանը չպատասխանել նաեւ այն դեպքում, եթե 50-ից քիչ աշխատակից ունեն եւ այլն: